24 մարտի 2020 - 18:45 AMT
Տոկիոյի ամառային օլիմպիադան հետաձգվել է. 2021-ին կկայանա

Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով որոշվել է Տոկիոյի օլիմպիական խաղերը հետաձգել մինչև 2021 թվականը, հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից:

Նման որոշում կայացվել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի և Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեի հեռախոսազրույցից հետո: Վերջինս հայտնել է, որ առաջարկել է ՄՕԿ ղեկավարին տեղափոխել Օլիմպիադան հաջորդ տարի:

Խաղերը կկայանան ոչ ուշ, քան 2021-ի ամռանը, մոտ ապագայում ամսաթիվը կհստակեցվի:

Օլիմպիական կրակը կշարունակի մնալ Ճապոնիայում մինչև նոր Խաղերի սկիզբը: 2021-ին նախատեսվող Օլիմպիական խաղերը կկրեն «Օլիմպիադա-2020» անունը:

Ավելի վաղ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա էր հայտարարվել: Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 381,000-ը: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 24-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 235 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից