24 մարտի 2020 - 19:10 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը հասել են 249-ի, հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանում մարտի 24-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 249-ի՝ ավելանալով 14-ով. նրանցից երկուսն առողջացել են, ևս երկուսը մարտի 24-ին դուրս են գրվում բացասական թեստով, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիվանդներից մեկի՝ 77-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, ևս չորսինը՝ ծանր:

Վարակակիրների շրջանում 65-ից բարձր տարիքի 11 անձ կա, 70-ից բարձր՝ 5 անձ, 80-ից բարձր տարիքի պացիենտ չկա:

Փաշինյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ, թոքաբորբ տանող 35 հիվանդ կա, նրանցից 5-ն ինտենսիվ թերապիայի բաժնում են:

Մարտի 24-ի դրությամբ ՀՀ-ում կա 868 մեկուսացված քաղաքացի, ավելի քան 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում: Եվս 37 քաղաքացի մեկուսացումից տուն է վերադառնում:

«Ինչ վերաբերում է կորոնավիրուսի աշխարհագրույթանը, այս պահի դրությամբ վարակվածներ ունենք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում: Դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը հայտնի է: Կորոնավիրուսի տարածման 3 զարգացող ճյուղ ենք ունեցել՝ Իրանից ժամանած հայրեակիցները, Էջմիածնի հայրենակիցները և Երևանի արտադրամասի հայրենակիցները»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ առաջին երկու ճյուղի զարգացումը կանխել հաջողվել է, սակայն արտադրամասի ճյուղն անվերահսկելի զարգացում է ունեցել, նոր դեպքեր են արձանագրվել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: