25 մարտի 2020 - 13:38 AMT
Բադասյան. ՔԿՀ-ներում կորոնավիրուսով վարակվածներ չկան, թեստերը բացասական են եղել

Քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի թեստերի բոլոր արդյունքները բացասական են եղել, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Քրեակատարողական հիմնարկներում որևէ թեստ դրական արդյունք չի տվել, բոլորը բացասկան են եղել, որևէ դատապարտյալի մոտ մինչ այս պահը չի հաստատվել կորոնավիրուս։ Քրեակատարողական հիմնարկներում մտահոգվելու կամ խուճապի մատնվելու տրամադրություն չկա և չպետք է լինի», - ասել է նա:

Բադասյանի խոսքով՝ դատապարտյալների հիվանդանոցը կարող է որոշակի շենքային պայմաններ ապահովել՝ անհրաժեշտության դեպքում դատապարտյալներին ու կալանավորված անձանց համապատասխան բժշկական օգնություն տրամադրելով։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 25-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 265-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ևս 16-ով:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից