25 մարտի 2020 - 16:49 AMT
Ավինյան. ՀՀ-ում բոլորը համարվում են ինքնամեկուսացած, նոր խստացումներ են հնարավոր

Մարտի 25-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ պարետատան հերթական նիստն է եղել։

«Բոլորդ տեղյակ եք, որ արդեն իսկ նոր սահմանափակումներ են ներդրվել ՀՀ ամբողջ տարածքում տնտեսական գործունեության տարբեր տեսակների, ինչպես նաև մարդկանց տեղաշարժի նկատմամբ: Ըստ այդ որոշումների` տնից դուրս գալիս մարդիկ պետք է լրացնեն և իրենց հետ ունենան մի թերթիկ, որը կարող են ձեռագիր լրացնել, որտեղ գրված կլինեն տվյալները թե որտեղից է դուրս գալիս մարդը, ուր է գնում, երբ է դուրս գալիս, երբ է վերադառնալու: Եվ, անպայման, կրեն իրենց հետ անձնագիր կամ նույնականացման քարտ, որովհետև այսօրվանից ՀՀ-ում գտնվող բոլոր անձինք համարվում են ինքնամեկուսացված, բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանվել են նույն որոշմամբ:

Այն է՝ եթե նրանք գնում են աշխատանքի՝ եթե իրենց աշխատանքի տեսակը արգելված չէ, եթե գնում են խանութ, եթե գնում են դեղատուն, եթե գնում են անձի մոտ, ով խնամքի կարիք ունի: Շատ կարևոր է, որ այդ տեղեկատվությունը թերթիկի վրա լրացված լինի և նույնականացման քարտը կամ անձնագիր լինի անձի մոտ, քանի որ այլ պարագայում ինքնամեկուսացման ռեժիմի խախտումն արդեն իսկ տուգանվում է Վարչական օրենսգրքով: Գիտեք, որ երկուշաբթի օրենքը ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին անպայման հետևել այս սահմանափակումներին, լուրջ վերաբերվել այս իրավիճակին և մեզ տալ ժամանակ որպեսզի մենք ունենանք հնարավորություն արդիականացնելու մեր գործիքակազմը՝ կորոնավիրուսի դեմ պայքարը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար:

Երևի թե այսքանն եմ ուզում ասել, հարգելի՛ գործընկերներ: Այսօր միգուցե որոշ հավելյալ խստացումներ նույնպես քննարկվեն մինչև մարտի 31-ը: Արդեն իսկ գործում է սահմանափակումը, որ մարդատար ավտոմեքենաներում երկու անձից ավելի չեն կարող տեղափոխվել և պետք է խնդրեմ, որպեսզի Ճանապարհային ոստիկանությունը խստորեն հետևի այս որոշմանը:

Մենք մինչև մարտի 31-ը հնարավորինս պետք է փորձենք նվազեցնել մարդկանց տեղաշարժը և շարունակենք արդյունավետ կերպով կանխարգելել, գտնել այդ շղթաները և այդ շղթաներով կարողանալ վիրուսի հետքը մեր տեսադաշտում պահել, որպեսզի նաև կարողանանք արդյունավետ պայքարել դրա հետագա տարածման դեմ»,- նիստի ընթացքում նշել է Ավինյանը:

Մասնակիցները անդրադարձել են կիրառվող սահմանափակումների վերահսկողության մեխանիզմներին, մթերային խանութներում և սուպերմարկետներում կուտակումներից խուսափելուն վերաբերող հարցերի:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 25-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 265-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ևս 16-ով:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից