25 մարտի 2020 - 17:29 AMT
Արցախը միանում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին

Արցախը միանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ գլոբալ հրադադարի ապահովման կոչին և վերահաստատում իր հավատարմությունն արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի լիակատար պահպանմանը։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Այս կրիտիկական ժամանակաշրջանում ամբողջ մարդկության ջանքերը պետք է ուղղված լինեն նոր կորոնավիրուսի (COVID19) համավարակի հաղթահարմանը»,-ասվում է հայտարարության մեջ։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել համաշխարհային զինադադարի կոչով․ նրա խոսքով՝ աշխարհը պետք է պայքարի մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, որը խոցում է բոլորին, անկախ ազգությունից կամ դավանանքից։

Հայաստանը ևս իր լիակատար աջակցությունն է հայտնել աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելու կոչին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին: