26 մարտի 2020 - 15:04 AMT
Մխիթարյանը՝ կարանտինի մասին․ Դժվար է, բայց դիմանում ենք

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձակալությամբ հանդես է գալիս «Ռոմայում», պատմել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով իր կարանտինային կյանքի մասին։

«Դա հեշտ չէ, բայց աշխատում ենք դիմանալ։ Այս դժվարին ժամանակներում շատ բան չի կարելի անել, կարելի է միայն տանը նստել, որտեղ անվտանգ է, և սպասել, թե երբ կշտկվի իրավիճակը»,- ասել է նա, գրում է Football Italia-ն։

Խոսելով ինքնամեկուսացման պայմաններում կյանքի օրակարգի մասին՝ ֆուտբոլիստն ասել է․ «Արթնանում եմ, նախաճաշում, խոսում եմ ընտանիքիս անդամների հետ կորոնավիրուսի, կյանքի, ապագայի և անցյալի մասին։ Երեկոյան որևէ ֆիլմ եմ դիտում ընտանիքիս հետ, երբեմն՝ միայնակ»։

Մխիթարյանը պատմել է, որ Իտալիայում կարանտին հայտարարելուց հետո «Ռոման» իր անդամներին տանն անհատական մարզումների ծրագիր է տրամադրել և այժմ ֆուտբոլիստը մարզվում է, աշխատում է պահպանել մարզավիճակը։

«Երբ իմացա, որ իրավիճակն աշխարհում վատթարանում է, լսեցի խորհուրդներն ու դադարեցի տնից դուրս գալ։ Ավելի լավ է տանը մնալ և օրինակ ծառայել մյուսների համար։ Շատ կարևոր է հետևել անվտանգության կանոններին»,- ասել է Մխիթարյանը։

Մխիթարյանն ընթացիկ խաղաշրջանում 17 հանդիպման է մասնակցել «Ռոմայի» կազմում՝ 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ դառնալով։ Իտալական ակումբը վարձակալել է նրան մինչև խաղաշրջանի ավարտը։