Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի 3 զինծառայողից կատարված նմուշառման և COVID-19 հետազոտման թեստի արդյունքում 3 զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, ասվում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պարզաբանման մեջ։
Զինծառայողների շփման ամբողջ շրջանակը պարզված է։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են նախապես նախորոշված առանձնացված տարածքներում։ Նրանց նկատմամբ նույնպես սահմանված է ամենօրյա խիստ հսկողություն և ապահովված են անհրաժեշտ պայմանները։
Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից նմուշառում է արվել:
Տվյալ զորամասում, որը տեղակայված է առաջնագծից զգալի հեռավորության վրա, հայտարարված է զորանոցային դրություն, ձեռնարկված են ամենախիստ հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է բժշկական մշտադիտարկում։
«Միաժամանակ հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով որևէ դեպք չի արձանագրվել»,- նշել է նախարարը:
Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Երեք զինծառայողի հաստատված դեպքը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: Ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից՝ նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալի նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը։
Նշվում է, որ կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ։
Զինծառայողներն այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ մեկի մոտ թոքաբորբ չկա։ Նրանցից մեկը թույլ ջերմում է, իսկ երկուսը ջերմություն և հիվանդությանը բնորոշ այլ ախտանիշներ չունեն:
«Կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով զինծառայողներին բարձրորակ և արդյունավետ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է Տոնոյանը:
Բոլոր զորամասերում կիրառվում են խիստ սահմանափակումներ վարակի ներթափանցումը կանխելու ուղղությամբ, սահմանված է ամենօրյա վերահսկողություն զինծառայողների առողջական վիճակի նկատմամբ: Վերջին մեկ ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացվող համալիր հակահամաճարակային միջոցառումների և կիրառվող խիստ սահմանափակուների արդյունքում շեշտակի նվազել է ոչ պակաս վտանգավոր այլ վարակիչ հիվանդությունների քանակը, ինչը միանշանակ վկայում է իրականացվող միջոցառումների արդյունավետության մասին: