26 մարտի 2020 - 20:55 AMT
Արցախ մուտքը ժամանակավոր կարգելվի՝ որոշ բացառություններով

ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության ու տարածքային ստորաբաժանումների Արցախ տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ և Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախ:

Բացառություն կարվի Արցախում հաշվառում ունեցող անձանց, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում, և Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ու լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։

Հայաստանում մարտի 26-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 290-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 25-ով: Մեկ քաղաքացի մահացել է։ Ապաքինվել է 18 անձ, փաստացի բուժվում է 271-ը։