29 մարտի 2020 - 12:59 AMT
Մահացել է հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

86 տարեկանոմ մահացել է հայտնի լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիժշտոֆ Պենդերեցկին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ Polska Times-ին հղումով։

Այլ մանրամասներ հայտնի չեն։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ցավակցել է կոմպոզիտորի մահվան կապակցությամբ:

«Նրա նորարական երաժշտական լեզվի, էքսպրեսիվ երաժշտական ձևերի, նրա արվեստի հոգևոր բովանդակության մասին շատ է գրվել և ավելի շատ է գրվելու ապագայում: Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան՝ «Երևանյան հեռանկարների», Արամ Խաչատրյանի անվան մրցույթի, «Հովեր» երգչախմբի հետ գործակցության շրջանակում», - գրել է նա՝ նշելով, որ այդ այցերը Պենդերեցկու համար ունեին ոչ միայն ստեղծագործական, այլև «խորապես անձնական իմաստ ու նշանակություն»:

2018-ին, Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի. տատը Սպահանից էր։ Նա հեղինակել է 3-րդ սաղմոսը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին։

The Guardian-ը Պենդերեցկուն անվանել է լեհ ժամանակակից մեծագույն կոմպոզիտոր։ Նրա ամենահայտնի գործերից են Հոգեհանգստյան պատարագ Հիրոսիմայի զոհերի հիշատակին, Սբ Ղուկասի չարչարանքները, Լեհական ռեքվիեմ, Անակլասիս ստեղծագործությունները: Նա հեղինակել է չորս օպերա, ութ սիմֆոնիա և այլ նվագախմբային պիեսներ, բազում գործիքային կոնցերտներ, երգչախմբային ստեղծագործություններ՝ հիմնականում կրոնական տեքստերով, ինչպես նաև կամերային և գործիքային ստեղծագործություններ։

Ընթերցեք նաև․ Քշիշտոֆ Պենդերեցկի. Հայաստանում ինձ տան պես եմ զգում