31 մարտի 2020 - 11:31 AMT
ԱԺ-ում Ավինյանի հետ քննարկել են վարակակիրներին հեռախոսով հետևելու հարցը. Երկրորդ ընթերցումն է

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկում է կորոնավիրուսով հիվանդներին ու մեկուսացվածներին հեռախոսով հետևելու հարցը։ Օրակարգում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումների նախագծերը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ԱԺ-ում ներկայացնում է առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը։

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մարտի 30-ի նիստից հետո նախագիծը պարետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ քննարկվել է «Իմ քայլը» խմբակցությունում, և ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում:

«Փոփոխությունները կներկայացվեն մարտի 31-ի նիստի ընթացքում»,-գրել է նա։

Փոփոխությունները հնարավորություն կտան կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։

Ըստ փոփոխության՝ օպերատորները պետք է պետությանը տրամադրեն հաճախորդին տեղորոշող տվյալներն ու նրա կատարած զանգերի սկզբի, ավարտի ու հնարավոր վերահասցեագրման (ոչ զանգերի բովանդակության) տվյալները։

Նախատեսվում է նաև քննարկել կորոնավիրուսից մահացածների դիահերձում չանելու հարցը։

Ընթերցեք նաև․ Ինչ է ենթադրում կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացածների տեղաշարժին հեռախոսներով հետևելու նախագիծը