Կառավարության կողմից փոքր ու միջին բիզնեսին կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով տրվող աջակցության մասին հարցնել և ծրագրին դիմել հնարավոր է Ներդրումների աջակցման կենտրոնի ներքո գործող թեժ գծով և կայքի «Դիմում» կոճակով, հայտնել է Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը։
Յուրաքանչյուր հայտատու, ով համապատասխանում է պահանջներին, կարող է հենց առցանց հայտով դիմել։
Շահառուները կարող են ներբեռնել իրենց վարկային դրական պատմության մասին փաստող տվյալներ, առցանց ներկայացնել հարկային հաշվետվություն և լրացնել պահանջվող այլ տվյալներ, որից հետո լրացված տեղեկությունները պետք է հաստատվեն հայտատատուի էլեկտրոնային ստորագրությամբ։
Հայտն ուղարկելուց 2 օր հետո Ներդրումների աջակցության կենտրոնը կապ կհաստատի և կհաղորդի՝ որքանով է շահառուն համապատասխանում ծրագրին։
Փոխնախարար Մարգարյանը նշել է նաև, որ բիզնեսին աջակցման կարիքները գնահատելիս հասկացել են՝ կա խորհրդատվական աջակցության կարիք, և որոշվել է անցկացնել վեբինարներ։
Ապրիլի 1-ին մեկնարկում է 20 վեբինարի շարք, որոնք նախատեսված են բիզնեսին խորհրդատվություն տրամադրելու համար:
Վեբինարի ընթացքում գրանցված մասնակիցները կարող են հարցեր ուղղել խորհրդատուին, նախագծի մասին տեղեկություններ կարելի է ստանալ էկոնոմիկայի նախարարության կայքում, ֆեյսբուքյան էջերում։ Վեբինարները կձայնագրվեն և հասանելի կլինեն նաև հետագայում։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Հայաստանում ապրիլի 1-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 571-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 39-ով: Ապաքինվել է 31 անձ, մահացել՝ 3։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար կառավարությունը աջակցության 8 փաթեթ է մշակել՝ 4-ը տնտեսական, մնացածը՝ սոցիալական բնույթի։
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից