1 ապրիլի 2020 - 17:05 AMT
Բադասյան․ Զանգերի տեղորոշման նախագիծը բովանդակություն պարզելու տեխնիկական հնարավորություն չունի, տվյալները ոչնչացվելու են

Ազգային ժողովի ընդունած և նախագահի ստորագրած օրենքը, որով նախատեսում է կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացվածների տեղաշարժի մասին տեղեկատվության ստացում՝ հեռախոսների միջոցով իրականում գաղտնալսման մասին չէ և չունի դրա իրականացման տեխնիկական հնարավորություն, հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախագիծը քննադատվել է սոցցանցերում և բուռն քննարկումների առիթ դարձել ԱԺ-ում։ Կարծիքներ են հնչել, թե այն անձնական տվյալների հավաքագրում է ենթադրում։ Մարտի 31-ի երեկոյան ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց նախագիծը 71 կողմ ձայնով, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չմասնակցեցին:

«Այս կարգավորումները, որոնք նախատեսում են մասնավոր ընտանեկան կյանքին և մի շարք այլ իրավունքներին համաչափ միջամտություն, բացառապես արտակարգ դրության ընթացքում են կիրառվելու, այսինքն՝ արտակարգ դրությունից հետո նման որևէ սահմանափակում գործել չի կարող, ավելին՝ սա վարաբերում է միայն այնպիսի արտակարգ դրությանը, որը հայտարարվել է համաճարակի հիմքով։ Բոլոր տվյալները ենթակա են ոչնչացման, արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո»,- ասել է Բադասյանը։

Նա նշել է` նախատեսվում է, որ վարակակրի հետ շփված անձինք ավելի վաղ կտեղեկացվեն և կիրառվի մեկուսացման կամ ինքնամեկուսացման սահամնափակումներ։ Նախարարն այս միջոցը «համաչափ և արդյուանվետ» է համարել՝ նշելով, որ այն «միանշանակ արդարաված է» և այն վերջին մեթոդն է, որ գործող սահմանափակումների հետ միասին պետք է բերի ցանկալի արդյունքի։

Բադասյանը հայտնել է, որ ավտոմատացված համակարգը թույլ է տալիս տեղորոշման միջոցով ավելի վաղ գտնել ու տեղեկացնել հնարավոր վարակակրին, իսկ եթե երկու կոնտակտի միջև տեղակայման վայրերը տարբեր են (օրինակ` Երևանից զանգ Գյումրի), դա արդեն ռիսկի գործոն չէ։ Եթե կա տեղակայման համընկնում, լրացուցիչ հանգամանքներ կճշտվեն և կապ կհաստատվի վարակակրի հնարավոր կոնտակտի հետ։

Անդրադառնալով տեղեկատվության հետագա ճակատագրի մասին հարցին՝ նախարարն ասել է, որ այն իրավապահ մարմինների համար որևէ հետաքրքրություն չի ներկայացնում։

Բադասյանը հայտնել է նաև, որ որևէ քաղաքացու տվյալ օտարերկրյա որևէ ընկերության հասանելի չի լինելու, առաջնային ինֆորմացիան քիչ թվով մարդկանց է հասանելի լինելու, նրանք չբացահայտման մասին լրացուցիչ համաձայնագրեր են կնքելու, հետո արդեն տվյալները փոխանցվելու են ԱԻՆ-ին, Ոստիկանությանը, որոնք կարող են զանգեր կատարել և զգուշացնել ենթադրյալ կոնտակտավորներին։

«Օրիգինալ մտքեր արտահայտելու փոխարեն առաջարկում եմ վտանգի տակ չդնել սեփական, հարազատների, քաղաքացիների առողջությունը և նման անիմաստ, անբովանդակ քայլերի չդիմել»,- ասել է Բադասյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե շատ քաղաքացիներ հայտարարել են, որ սկսել են օգտվել այլ հավելվածներից՝ խուսափելու համար իրենց հնարավոր տեղորոշումից։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Հայաստանում ապրիլի 1-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 571-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 39-ով: Ապաքինվել է 31 անձ, մահացել՝ 3։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից