1 ապրիլի 2020 - 18:53 AMT
Հսկիչ անցակետեր՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք - Քարվաճառ, Սևան - Երևան ճանապարհներին

Ապրիլի 1-ի ժամը 14:00-ից Գեղարքունիքի մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք - Քարվաճառ, Սևան - Երևան հատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև սահմանված բնակավայրերում գործում են հսկիչ անցակետեր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում են ջերմաչափումներ և անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու և բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են գործակցված, ըստ սահմանված կարգի:

«Հսկիչ կետերում, միջմարզային և միջհամայնքային ճանապարհներին ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին աջակցում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի և առողջապահության մարզային կառույցների աշխատակիցները»,- ասվում է գրառման մեջ։

Պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: