2 ապրիլի 2020 - 10:04 AMT
Ապրիլյանից 4 տարի է անցել

2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտերն ընթանում էին ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։

Քառօրյա պատերազմի ժամանակ արյունալի մարտերի արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերը լուրջ կորուստներ ունեցան` զինված ուժերի անձնակազմում և ռազմական տեխնիկայի մեջ: Հայկական կողմը զոհեր ունեցավ նաև խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ մեկ երեխա (ևս 2-ը վիրավորվել էին):

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը կորցրեց 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավելի վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել էին ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ հայկական 81 զոհից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհվեց:

Հայաստանից և Արցախից կամավորների մեծ հոսք եղավ, որոնք ոչ միայն ղարաբաղյան պատերազմի վետերաններն էին «Երկրապահների» միությունից, այլև բազմաթիվ երիտասարդներ. նպատակը մեկն էր՝ կանգնել շարքային զինվորների կողքին ու թույլ չտալ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը, պահել Ղարաբաղը:

Համայն հայության շրջանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, աննախադեպ համերաշխության և օգնության հասնելու ալիք բարձրացավ, որին լծվեցին հանրության ամենատարբեր շերտերը՝ ուսանողներից մինչև կամավորներ։ Աշխարհի տարբեր կետերում ի պաշտպանություն Ղարաբաղի բազմաթիվ միջոցառումներ էին կազմակերպվում՝ բողոքի ակցիաներ` ուղղված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանդեպ գործադրած ագրեսիայի դադարեցմանը։ Օգնության մասսայական հավաքագրում սկսվեց նաև հենց Հայաստանում. ուղարկում էին ով ինչ և ինչքան կարողանում էր՝ լինի դա մեկ տուփ կոնֆետ, թե՝ ծխախոտ: Առանց որևէ կոչի մարդկանց երկար հերթեր էին գոյացել արյունաբանական կենտրոնների մոտ:

Անկանոն դրամահոսքերը կառավարելու համար ԼՂՀ կառավարությունը հատուկ հաշվեհամար բացեց: Արդյունքում, 2016-ի ապրիլի 4-ից մինչև 2017-ի հունվարի 1-ը 7903 ֆիզիկական և իրավաբանական անձի կողմից կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցվեց, ընդհանուր առմամբ, 5.5 մլրդ դրամ:

Ապրիլի 4-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով:

«Որպես ԵԱՀԿ անդամ երկիր՝ Հայաստանն անհրաժեշտ է համարում կոչ անել ԵԱՀԿ բոլոր անդամ երկրներին՝ լինել սկզբունքային իրենց դիրքորոշումներում», - ասել էր Սարգսյանը:

Հաջորդ օրը՝ ապրիլի 5-ին, Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հաջորդող օրերին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը հիմնականում պահպանվեց, թեև Ադրբեջանը շարունակեց պարբերաբար դիվերսիայի փորձեր ձեռնարկել: