2 ապրիլի 2020 - 10:20 AMT
Արցախում ՀՀ-ից մեկնած 2 քաղաքացի է մեկուսացվել

Արցախի բուժհիմնարկներում Հայաստանից եկած ԱՀ 2 քաղաքացի է մեկուսացված։ Հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել, տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը։

Ապրիլի 1-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել:

«Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: Միաժամանակ կոչ ենք անում՝ պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրվող հորդորներն ու առաջարկները»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Հայաստանում ապրիլի 1-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 571-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 39-ով: Ապաքինվել է 31 անձ, մահացել՝ 4-ը։