2 ապրիլի 2020 - 13:05 AMT
Միանվագ 26,500 դրամի աջակցություն՝ գործազուրկների մինչև 18 տարեկան երեխաներին

Կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջ կանգնած գործազուրկ ընտանիքներին, որոնք մինչև 18 տարեկան երեխաներ ունեն, միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի՝ յուրաքանչյուր երեխայի համար 26,500 դրամի չափով, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Աջակցությունը կտրամադրվի երեխաներին, որոնց ծնողները մարտի 12-ի դրությամբ չեն ունեցել աշխատանք կամ կորցրել են աշխատանքը. շահառուների խմբից հանվում են այն մարդիկ, որոնք հունվար-փետրվար ամիսներին ունեցել են համախառն եկամուտ՝ ավելի քան 500,000 դրամի չափով։ Ծրագիրը վերաբերում է նաև չաշխատող միայնակ ծնողներին։

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական և սոցիալական խնդիրները մեղմելու համար մշակել է աջակցության ծրագրեր։ Դրանցից 5-ը սոցիալական բնույթի են, մնացածը վերաբերում են ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացնող անձանց։

Աջակցության ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ երեխաները, որոնց ընտանիքը մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը 28․01-ից ցածր է։

Եթե ընտանիքը համապատասխանում է Կառավարության կողմից առաջարկվող սոցաջակցության մյուս ծրագրերի պահանջներին, ապա կարող է ընտրել՝ որին դիմել։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է դիմել միայն մեկ ծրագրի։

Նախարարը հայտնել է, որ մինչև ապրիլի 9-ը դիմումներ գրելու տեխնիկական հնարավորություն չի լինի։ Այն կտրամադրվի ամսի 10-ից, ծնողներից մեկի կողմից սահմանված կարգով առցանց ներկայացված դիմումի հիման վրա։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ, մահացել՝ 4։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից