ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի թվի աճը պայմանավորված է վարակի տարածման նոր օջախներով, թեստավորման թվի աճով, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Պատասխանելով վարակի պիկի մասին հարցին՝ նա նշել է, որ հստակ կանխատեսում հիմա անել չի կարող, այդ պիկը միշտ երևում է պոստ-ֆակտում, և ԱՆ խնդիրն է հնարավորինս շուտ տեսնել այդ պիկը։
Նախարարը նշել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված հղիներ կան, վարակակիրների թվում կան նաև երեխաներ, երկուսն էլ քիչ թվով։
Թորոսյանի խոսքով՝ վարակակիրների 80 տոկոսը ախտանիշեր չունի, սակայն դա չի նշանակում, որ նրանք վերահսկողության տակ չպետք է լինեն։
Անդրադառնալով իրավիճակի հնարավոր անվերահսկելիությանը, նախարարն ասել է, որ ՀՀ-ն դեռ այդ կետից հեռու է, բայց իրականում կա նման կետ կա։ Այդ պարագայում բուժհաստատություններում կպահվեն միայն ախտանիշեր ունեցող պացիենտները։
«Մեր խնդիրն է այդ կետն այնքան հեռացնել, որ չհասնենք դրան»,- ասել է նախարարը։
Թորոսյանը նշել է նաև, որ կորոնավիրուսի տարածման աղբյուրների թիվ նշել հնարավոր չէ, դրանք շատ են, նաև բերովի դեպքեր կան ՀՀ սահմանաը հատող բեռնատարների վարորդների կողմից, օդային սահմանով վերադարձողներից:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ, մահացել՝ 4։
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից