2 ապրիլի 2020 - 14:04 AMT
Թորոսյանը՝ ՀՀ-ում իրավիճակի հնարավոր սրման մասին․ Պետք է պատրաստ լինենք, ինչպես պատերազմի

ՀՀ-ում իրավիճակի սրման պարագայում կորոնավիրուսով հիվանդների ընդունման համար ոչ միայն Մարզահամերգային համալիրն է նախատեսվել, այև երկրի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հոսպիտալի վերածվել, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, և դրա մեջ տարօրինակ բան չկա, ավելին՝ տարօրինակ կլիներ, եթե այդպիսի սցենարներ չքննարկվեին։ Քննարկվում են շատ ավելի վատ սցենարներ նաև, ինչպես շատ երկրներում, որ հնարավոր է հիվանդանոցներում, մարզադահլիճներում պացինետներին տեղ չլինի, և դրանով է կարևոր մեր պատասխանատվության զգացումը՝ դա թույլ չտալու համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ եթե նման իրավիճակ առաջանա, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի դրան՝ ինչպես արհավիրքի, ջրհեղեղի, պատերազմի։

Նախարարի խոսքով՝ համաճարակը ոչնչով չի տարբերվում մյուս զանգվածային արհավիրքներից։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ, մահացել՝ 4։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից