3 ապրիլի 2020 - 17:36 AMT
ՀՀ-ն կորոնավիրուսի դեմ փորձարկվող դեղամիջոց ձեռք բերելու հարցով ՌԴ-ի հետ չի բանակցում

Այս պահի դրությամբ Հայաստանում որևէ պետական մարմին ռուսական «Մեդսինթեզ» ընկերության հետ բանակցություն չի վարում կորոնավիրուսի դեմ փորձարկման փուլում գտնվող «Տրիազավիրին» դեղամիջոցի խմբաքանակ ներկրելու հարցով, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, փոխանցում է Aysor.am-ը։

Նա նաև նշել է, որ տվյալ դեղորայքը ՌԴ-ից Հայաստան ներկրելու շուրջ նախարարությունը որևէ բանակցություն չի վարում: Պարետատունը ևս նման բանակցություն չի վարում ռուսական կողմի հետ, հայտնել է պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը։

«Այս պահի դրությամբ մեր կողմից որևէ բան չկա այս մասով: Սպասում եմ, որ ԱԳՆ-ն ինչ-որ մի բան կասի», - ասել է նա:

Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության` շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ռուսական «Մեդսինթեզ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պետրովը հայտարարել էր, թե դեղամիջոցը Հայաստանին մատակարարելու բանակցություններ են ընթանում: Նշվում էր նաև, որ դեղամիջոցն ուղարկվել է Չինաստան՝ որպես մարդասիրական օգնություն: Այնտեղ այն փորձարկվում է կորոնավիրուսի բուժման համար:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 3-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 736-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 73-ով: Ապաքինվել է 43 անձ։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից