7 ապրիլի 2020 - 13:49 AMT
YouTube-ը կհեռացնի կորոնավիրուսի և 5G ցանցի միջև կապի մասին տեսանյութերը

YouTube-ը կհեռացնի այն տեսանյութերը, որոնք փորձում են կապ տեսնել կորոնավիրուսի և 5G ցանցի միջև։ Պատճառը կորոնավիրուսի տարածման կանխարգելման վերաբերյալ «բժշկական տեսակետից անապացուցելի տեսակետների» հրապարակումն է, գրում է Engadget-ը։

Դա չի վերաբերի ամբողջ բովանդակությանը՝ խախտման «եզրին» գտնվող տեսանյութերի գովազդը կանջատվի, դրանք կհեռացվեն որոնման համակարգից և դիտման համար խորհուրդ տրվող տեսահոլովակների ցանկից։

Ավելի վաղ համացանցում դավադրապաշտական մի տեսություն սկսեց տարածվել, համաձայն որի կորոնավիրուսի տարածումը կապ ունի նոր սերնդի 5G ցանցի հետ։ Այդ պատճառով որոշ երկրներում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում, սկսել են հրկիզել կապի աշտարակները, իսկ 5G-ի համար պատասխանատու ինժեներները սկսել են սպառնալիքներ ստանալ։ Բրիտանական կառավարությունը կոչ է արել Facebook-ին, YouTube-ին, WhatsApp-ին և Twitter-ին ջնջել կասկածելի կոնտենտը։

Photo. Getty Images