6 ապրիլի 2020 - 16:40 AMT
Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ապրիլյանի գծով ԱԺ հանձնաժողով

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը գրություն է ստացել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին կամ 16-ին, ժամը 14:00-ին` իր ընտրությամբ, լսումների նպատակով հրավիրված է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով:

Այդ մասին հայտնել է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 5-րդ ալիքի եթերում ցուցադրված «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում` խոսելով Ապրիլյան պատերազմի մասին, ասել էր․ «Ցավոք սրտի, գրանտներով սնվող շատ լրատվամիջոցներ, անհատներ սկսեցին այդ ռազմական գործողությունները ներկայացնել որպես պարտություն: Ինձ համար շատ ցավալի էր, որովհետև իրականությունն այլ էր»։ ՀՀ երրորդ նախագահն ասել էր նաև, որ այդ օրերին հայկական կողմը կորցրել է 400 հեկտարից էլ քիչ տարածք։