7 ապրիլի 2020 - 15:53 AMT
Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսից 833 մարդ է մահացել

Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսից 833 մարդ է մահացել՝ սա ամենամեծ ցուցանիշն է երկրում համաճարակի բռնկումից ի վեր, գրում է BBC-ն։

Այդ երկրում վարակի հաստատված դեպքերը գերազանցել են 98,000-ը, մահացել է 8911 մարդ։

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվեյ Վերանը հայտարարել է, որ երկիրը դեռ չի հաղթահարել հիվանդության գագաթնակետը և իրավիճակը դեռ կվատթարանա։

«Ամեն օր մենք ռեկորդ ենք սահմանում վերակենդանացման բաժանմուքներ տեղափոխվածների քանակով։ Դա չի նշանակում, որ ձեռնարկված միջոցները չեն աշխատում։ Դա նշանակում է, որ դրանք պետք է շարունակվեն»,- ասել է նա։

Մինչդեռ Փարիզի իշխանությունները խստացրել են կորոնավիրուսի պատճառով գործող սահմանափակումները՝ արգելելով փողոցում մարզվել 10:00-19:00-ը։ Խախտումների համար սահմանված են տուգանքներ։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,3 մլն մարդ, ապաքինվել է ավելի քան 278,000 հիվանդ, մահացել՝ 74,693-ը։ Վարակը տարածվել է 209 երկրում։