7 ապրիլի 2020 - 13:26 AMT
Հարավկովկասյան երկաթուղով ներկրումը 2.4 %-ով նվազել է

Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն ազդել է Հարավկովկասյան երկաթուղու առաջին եռամսյակում աշխատանքի արդյունքների վրա։ Ներկրման հաղորդակցությունում 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ բեռնափոխադրումներն առաջին եռամսյակում նվազել են 2.4 տոկոսով։

Ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարվել է, որ հաշվետու շրջանում փոխադրվել է 710 հազար տ բեռ, ինչը չի հասնում կանխատեսված ցուցանիշին։

Երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտում 8 տոկոս անկում է գրանցվել՝ մինչև 74.4 հազար ուղևոր։

Նշվում է, որ մարտի կեսերից չեղարկվել են Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ու Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքները։ Այժմ գործող երթուղիներում նկատվում է ուղևորահոսքի նվազում նախորդ տարվա համեմատ։

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը խորհրդակցության ընթացքում կոչ է արել ակտիվացնել բեռների հոսքն ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքները։

«Այսօր արդեն գրանցվել է բեռնափոխադրումների անկում և ուղևորափոխադրումների գծով կորուստների աճ։ Մեր աշխատանքի հիմնական խնդիրը երկաթուղի նոր բեռների հոսքի ապահովումն է։ Դրանից է կախված ընկերության արդյունավետ աշխատանքը», - ասել է գլխավոր տնօրենը։

Նա նաև պատասխանատու անձանց և ղեկավար կազմին հանձնարարել է չթուլացնել սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի կատարումն արտակարգ դրության պայմաններում։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: