7 ապրիլի 2020 - 13:39 AMT
Կրթությունն ու մշակույթը՝ առցանց․ Մոտ 24,000 աշակերտ ու ուսուցիչ տեխնիկա չունի, աշակերտների 80%-ից ավելին է հեռավար սովորում

ՀՀ մարզերում մոտ 24,000 աշակերտ և ուսուցիչ չունեն տեխնիկական հասանելիություն հեռավար կրթությունը կազմակերպելու համար, հավաքագրվել է մոտ 600 համակարգիչ, հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ աշակերտների 80%-ից ավելին մասնակցում է հեռավար դասերին։

Իսկ հավաքագրված տեխնիկական միջոցներից 56-ական ամբողջությամբ նոր պլանշետներ են տրամադրվել Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերին, Արագածոտնի մարզին, ընդհանուր առմամբ, 81 սարք է տրամադրվել, հավելյալ տեխնիկա է տրամադրվել նաև այլ նախաձեռնությունների հետ։

ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանն էլ տեղեկացրել է՝ մշակութային միջոցառումներն ակտիվ տեղափոխվում են առցանց հարթակներ՝ ներկայացնելով ոլորտի մասնագետների անհատական և խմբային կատարումները։ Խզմալյանի խոսքով՝ ճգնաժամն արագացրել է մշակութային ոլորտի թվայնացման գոծընթացը։

Նա նշել է նաև, որ տարեց, միայնակ արվեստագետների մասին տվյալներ են հավաքագրվում աջակցություն ցուցաբերելու համար՝ ընդ որում, ոչ միայն ֆինանսականի մասին է խոսքը․ կամավորների խմբեր են ձևավորվել, որոնք աջակցում են տարեց արվեստագետներին` դեղերից մինչև կենցաղային պարագաներ ձեռք բերելու հարցերում։

Փոխնախարար Անդրեասյանի խոսքով՝ հեռավար կրթության կազմակերպումը մտնում է հանրակրթական ոլորտ և խնդիր կա այն առավել կանոնակարգված դարձնելու։ Նա հայտնել է, որ առցանց դասերն ու մշակութային միջոցառումները ցուցադրվում են նաև մարզային հեռուստաընկերություններով՝ ապահովելով լայն հասանելիություն։

Խոսելով միասնական քննությունների հնարավոր հետաձգման կամ անցկացման այլ տարբերակի մասին՝ փոխնախարարն ասել է, որ այս պահին քննարկվում են մի քանի հնարավոր տարբերակներ, դեռ վերջնական որոշում չկա։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլի 7-ի դրությամբ ավելացել է 20-ով, վարակվածների ընդհանուր թիվը 853 է։ Ընդհանուր առմամբ` ապաքինվել է 87 մարդ։ Մահվան ելքով դեպքերը 8-ն են։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից