Մարտակերտի շրջանում շինանյութերի տրամադրման գործընթացն իրականացվում է նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Արցախում վարակի տարածման կանխարգելման միջոցառումների արդյունավետությամբ պայմանավորված՝ շրջաններում սկսվել է ԱՀ կառավարության կողմից բնակչությանը տանիքի շինանյութերի՝ թիթեղների և փայտանյութերի տրամադրման գործընթացը:
Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Հովիկ Գյուրջյանի խոսքով՝ ապրիլի 1-ից սկսել են շրջանի բնակչությանը շինանյութ տրամադրել: Համայնքի ղեկավարների կողմից նախօրոք բաժին է ներկայացվել համայնքների ավագանիների որոշումների հիման վրա կազմված ցուցակները, ըստ որոնց՝ ներկայումս կատարվում են հատկացումները:
Մինչև ապրիլի 8-ը, հաշվի առնելով կանխարգելման միջոցառումները, հերթերից, մարդկանց կուտակումներից և շփումներից խուսափելու համար համայնքի ղեկավարներն անձամբ շրջվարչակազմից ստանալու և տեղափոխելու են նշված շինանյութն իրենց համայնքներ, որից հետո այն բաժանվելու է ցուցակագրված ընտանիքներին:
Ցուցակները կազմելիս հաշվի են առնվել առավել կարիքավոր ընտանիքները:
Արցախում ապրիլի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի հաստատված դեպք չի գրանցվել։