7 ապրիլի 2020 - 19:12 AMT
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Վրաստանում, ՌԴ-ում, Իրանում, Թուրքիայում և Ադրբեջանում

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 195-ի, ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ 45 մարդ ապաքինվել է, կարանտինում 4725 մարդ կա, հսկողության տակ՝ 383։ Երկրում գրանցվել է մահվան 3-րդ դեպքը կորոնավիրուսից։ Մահացածն 86-ամյա կին է, որը կրիտիկական վիճակում տեղափոխվել էր Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց։

Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակման «հարաբերական անկում» է գրանցում։ Վարակվածների թիվը հասել է 62,589-ի, որից 3872-ը մահացել են։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը։ Ապրիլի 7-ի դրությամբ 2089 նոր դեպք է գրանցվել։ Ապաքինվել է 27,039 մարդ։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում առաջին անգամ գերազանցել է 1000-ը։ Օպերատիվ շտաբը հայտնել է 1154 նոր դեպքի մասին, որից 697-ը՝ Մոսկվայում։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7497 երկրի 85 շրջաններից 81-ում։ Ապաքինվել է 494 մարդ, մահացել՝ 58-ը։

Թուրքիայում գրանցվել է հիվանդության 30,217 դեպք, մահացել է 649 մարդ։ Ապաքինվել է 1326-ը։

Ադրբեջանում ապրիլի 7-ին կորոնավիրուսով վարակման 76 նոր դեպք է գրանցվել՝ հասնելով 717-ի, հայտնել է օպերատիվ շտաբը։ Մահացել է 8 մարդ, 44-ն ապաքինվել է, 665 մարդ շարունակում է բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում։ Հիվանդներից 23-ի վիճակը գնահատվում է որպես ծանր։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 853 է, որից 87 մարդ առողջացել է, 8 մարդ՝ մահացել։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: