8 ապրիլի 2020 - 12:08 AMT
ԱՄՆ-ում 1 օրում կորոնավիրուսից մահերի ռեկորդային թիվ է՝ 1736․ «Վեդոմոստի»

ԱՄՆ-ում ապրիլի 8-ի դրությամբ COVID-19 կորոնավիրուսային վարակից, Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, մեկ օրում 1736 մարդ է մահացել։ Սա օրական կտրվածքով մահերի ամենամեծ ցուցանիշն է համաճարակի ընթացքում։

Ընդհանուր առմամբ, հիվանդությունից երկրում մահացել է 12,484 մարդ։ Մահացության ցուցանիշի նախորդ նմանատիպ աճը գրանցվել էր ապրիլի 4-ին, երբ մեկ օրվա կտրվածքով 1344 մահվան դեպք էր գրանցվել, գրում է «Վեդոմոստին»։

Մահվան դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Նյու Յորքում՝ 4009։

Երկրում, Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով է վարակվել 398,195 մարդ։ Ապաքինվել է 21,849-ը։

Ինչպես գրում է բժշկագիտական Stat-ը, COVID-19-ից առավել հաճախ մահանում են աֆրոամերիկացիները։ Իլինոյս նահանգում հիվանդության հաստատված դեպքերի 28 տոկոսը և մահերի 41 տոկոսը գրանցվել է աֆրոամերիկացիների շրջանում, ընդ որում՝ նրանք կազմում են բնակչության միայն 15 տոկոսը։ Միչիգանում նրանց է բաժին ընկնում հիվանդության դեպքերի 34 տոկոսը, մահվան՝ 40 տոկոսը։

Աֆրոամերիկացիների թվում զոհերի մեծ քանակի մասին խոսել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 7-ի ճեպազրույցում։ Ըստ նրա՝ հետազոտվել է գրեթե 2 մլն ամերիկացի։ Փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ մեծ քաղաքներում՝ Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Նոր Օրլեանում, Դեթրոյթում և Չիկագոյում, նկատվում են «հարթեցման միտումներ>։

Կորոնավիրուսի համավարակը տարածվել է աշխարհի 211 երկրով։ Ընդհանուր առմամբ աշխարհում վարակվել է ավելի քան 1․4 մլն մարդ, 82,000-ից ավելին մահացել է:

Photo. Getty Images