8 ապրիլի 2020 - 17:09 AMT
Հայկական COVID-19 Armenia հավելվածով թեստ անցածներից 31-ը թեստավորվել է, 4-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում՝ ինքնամեկուսացած անձի շփման շրջանակը պարզելու համար 2 գործիք է օգտագործվում՝ տեղորոշումը բջջային օպերատորների միջոցով և կարճ հաղորդագրություններով, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը։

Նա նշել է, որ ինքնամեկուսացած անձի հետ հնարավոր ֆիզիկական շփում ունեցած մարդկանց հետ կապ է հաստատվում և անհրաժեշտության դեպքում նրանք ևս մեկուսացվում են։

Բադալյանը հայտնել է, որ հայ ծրագրավորողների ստեղծած COVID-19 Armenia հավելվածը մոտ 44,000 բեռնում է ունեցել, որի շրջանակում 240,000 անգամ մարդիկ թեստ են իրականացրել, ինչի հետևանքով մոտ 1500 մարդ հայտնվել է «կարմիր գոտում»։

Փոխվարչապետի խորհրդականի խոսքով՝ հարցազրույցի միջոցով նրանցից առանձնացվել է 31 հոգի, որոնց թեստերից 8 բացասական են եղել, 4-ը դրական, մյուսների արդյունքը դեռ պարզ չէ։

Հայ ծրագրավորողներն այս հավելվածը ստեղծել են անվճար։

Բադալյանի խոսքով՝ ինքնամեկուսացած անձանց հաղորդագրության միջոցով հարցեր են տրվում, հավաքագրվում է տեղեկություն գտնվելու վայրի մասին։ Եթե անձը լքում է ինքնամեկուսացման վայրը, ավտոմատ կերպով այդ տվյալը փոխանցվում է ՀՀ ոստիկանությանը։ Կարճ հաղորդագրությունների միջոցով անձի գտնվելու վայրը պարզող հղումը նաև ինքնալուսանկար է պահանջում։

Եթե անձը չունի սմարթ հեռախոս, այդ տվյալները հավաքագրվում են մեխանիկական եղանակով։

Մարտի 31-ին ԱԺ-ն ընդունել է կորոնավիրուսով հիվանդներին ու մեկուսացվածներին տեղորոշելու նախագիծը, որով հնարավորություն է տրվում կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։

Հեռախոսազանգերով մարդկանց շփման շրջանակը պարզելու համակարգը սկսել է գործել ապրիլի 7-ից դեռ ինքնամեկուսացվածներ չկան։ Նրանց տվյալները կոչնչացվեն արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո՝ երկշաբաթյա ժամկետում։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: ՀՀ Կառավարությունը 9 աջակցության ծրագիր է մշակել՝ կորոնավիրուսի հետանքով առաջացած տնտեսական հետևանքները մեղմելու համար։ Ապրիլի 8-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը հասել է 881-ի։ Ապաքինվել է 114 մարդ։ Մահվան 9 դեպք է գրանցվել։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից