4 մայիսի 2020 - 12:29 AMT
Վարդենիսում ելումուտի սահմանափակումը կպահպանվի

Վարդենիսում մուտքի ու ելքի սահմանափակումները կպահպանվեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Պարետատան և առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում՝ որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել ևս մի քանի օրով։ Այն կպահպանվի մինչև 2020-ի մայիսի 6-ը` ժամը 23:59-ը»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2507-ի։ Մահվան ելքով 39 դեպք կա։ Եվս 4 մահ գրանցվել է այլ պատճառով։ Առողջացածների ընդհանուր թիվը 1071 է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: