7 մայիսի 2020 - 15:58 AMT
Վրաստանը հուլիսի 1-ից զբոսաշրջիկների կընդունի

Կորոնավիրուսային պանդեմիայից հետո Վրաստանը կսկսի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկներին հուլիսի 1-ից, հայտնել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան։ Նա նշել է, որ դա պահանջում է կառավարության կողմից մանրակրկիտ աշխատանք, փոխանցում է Aysor.am-ը։

«Հունիսի 15-ից Վրաստանը կբացվի` տեղական տուրիստական ծառայություններ մատուցելու համար, իսկ հուլիսի 1-ից երկիրը պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին: Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որը կբացի իր սահմաններն ու ենթակառուցվածքը, որպեսզի արտասահմանյան հյուրեր ընդունի», -ասել է նա։

Ըստ Գախարիայի՝ բոլոր համապատասխան գերատեսչությունները պետք է մանրակրկիտ աշխատեն, որպեսզի մեկ ամսում հասցնեն պատրաստվել դրան:

Վրաստանում մայիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 615-ի, վիրուսից վերականգնվել է 275 հոգի, մահացել է 9 մարդ։