7 մայիսի 2020 - 18:54 AMT
ԶԼՄ. Մեծ Հայրենականի 2 մարշալի թանգարանը Չարդախլուում չայխանայի են վերածել

Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը հրապարակել է ԽՍՀՄ զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի ընտանիքի նամակը, որը վերնագրված է՝ «Մեծ Հայրենականի երկու հերոսի թանգարանը չայխանայի են վերածել»։

Չարդախլու գյուղը 1988 թվականին հայաթափվել է Շամխորի շրջանի առաջին քարտուղար Ասադովի անմիջական ջանքերով։ Նա նաև բռնություն է կիրառել գյուղի հայ տղամարդկանց հանդեպ ու ձերբակալել վերջիններիս: Գյուղի տեղահանված բնակչությունից 310 ընտանիքը, ինչպես նաև 12 ընտանիք Շահումյանի շրջանից ապաստան են գտել Տավուշի Զորական գյուղում։

Նամակում անդրադարձ է կատարվում Արցախի հայաբնակ Չարդախլու գյուղի փառավոր պատմությանը, որի բնակիչները, այդ թվում մարշալ Բաբաջանյանը, մեծ ավանդ են ունեցել Մեծ Հայրենականում կրած հաղթանակում։

Նշվում է, որ հինավուրց Չարդախլուն միջնադարում կոչվել է Խաչիսար, որտեղ բազմաթիվ հայ մշակույթի նմուշներ կան, սակայն արցախցիներն այն հաճախ անվանում էին «մարշալների գյուղ»։ Չարդախլուից էր նաև ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը։

«Հետպատերազմյան տարիներին ԽՍՀՄ իշխանությունները, տեղաբնակ հայերի աջակցությամբ, հուշարձան էին կանգնեցրել ռազմաճակատում զոհված չարդախլեցիների պատվին, բացվել էր մարտական և աշխատանքային փառքի թանգարանը։ ԽՍՀՄ տարիներին նկարահանվել է «Քաջերի գյուղը» փաստագրական ֆիլմը։

Սակայն 1987-ին հայկական բնակչությունը ստիպված է եղել լքել այն՝ նրանք դարձել են առաջին հայ փախստականներն Արցախից։ Հայերի հեռանալուց հետո պայթեցվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը, իսկ 2 մարշալի թանգարանը վերածվել չայխանայի, պղծվել են հայերի շիրմաքարերը, ոչնչացվել խաչքարերը։ 1991-ին գյուղը վերանվանվել է Չանլիբել, իսկ նրա նորաբնակները հազիվ թե գիտեն այդ փոքր, բայց փառավոր գյուղի պատմությունը։ Կամ չեն էլ ուզում իմանալ»,- ասվում է նամակում։

Նշվում է նաև, որ Չարդախլուի բնակիչներից շատերն այսօր ապրում են ՀՀ Տավուշի մարզում։

Մոտ 2000 բնակիչ ունեցող Չարդախլուից Մեծ Հայրենական պատերազմի տարիներին ռազմաճակատ է մեկնել մոտ 1300 մարդ, որոնցից 450-ը զոհվել են։ 7 չարդախլեցի արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, ևս 853 մարդ պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով։ Այդ գյուղից են նաև ԽՍՀՄ մարշալներ Հովհաննես Բաղրամյանն ու Համազասպ Բաբաջանյանը։ Գյուղը նաև 12 գեներալ է տվել և 199 սպա։ Գյուղի ամեն 5-րդ բնակիչը սովետական բանակի հրամանատար է եղել։