21 մայիսի 2020 - 13:12 AMT
Նախարար․ ՀՀ-ն ռուսական արտադրության թոքերի օդափոխման սարքեր չի օգտագործում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 21-ին հայտարարել է, որ, իր տվյալներով՝ ռուսական արտադրության թոքերի օդափոխման սարքեր Հայաստանում չեն օգտագործվում։

Հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն ՌԴ-ից չի ստացել «Ավենտա-Մ» սարքեր, որոնք հրդեհի պատճառ են դարձել Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում, նախարարն ասել է՝ երկիրը ռուսական սարքեր չի ստացել։

«Մեր տվյալներով՝ Հայաստանում ընդհանրապես չեն օգտագործվում ռուսական արտադրության թոքերի արհեստական օդափոխման սարքեր։ Մենք օգտագործում ենք արևմտյան երկրների արտադրության նմանատիպ սարքեր՝ ամերիկյան, գերմանական, վերջին շրջանում, նաև չինական», - ասել է Թորոսյանը։

Ռոսավիանադզորը մայիսի 13-ին կասեցրել է թոքերի արհեստական օդափոխման «Ավենտա-Մ» սարքերի կիրառումը, որոնք 2020-ի ապրիլի 1-ից արտադրվել են Ուրալի սարքաշինական գործարանում։ Այդ սարքերն օգտագործվել են Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում, որտեղ մայիսի 9-ին և 12-ին հրդեհվել են, ընդհանուր առմամբ 6 հիվանդ է մահացել։ Գործարանում ստուգում է սկսվել։