21 մայիսի 2020 - 14:19 AMT
Աշխարհում Covid-19-ով հիվանդների թիվը կտրուկ աճել է՝ 5 մլն-ից ավելի են

Առողջապահության համաշխարհային կազմակերպութունը հայտնել է, որ մեկ օրում կորոնավիրուսով վարակի ռեկորդային՝ 106,000 նոր դեպք է գրանցվել աշխարհում։

Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոնը, մահացել է ավելի քան 328,000 հիվանդ, գրում է BBC-ն։

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Հեբրեուսը հայտարարել է, որ հատկապես մտահոգիչ է հիվանդացության աճը ցածր եկամտով երկրներում։ Եթե նախկինում էպիկենտրոնում Եվրոպան էր ու ԱՄՆ-ն, ապա այժմ վարակն ավելի շատ տարածվում է այնպիսի երկրներում, ինչպիսին Բրազիլիան է։

Մոտ 2 շաբաթում ախտորոշումների ընդհանուր թիվը, ըստ պաշտոնական տվյալների, աճել է 1 միլիոնով։ Ըստ փորձագետների՝ վարակի տարածման մասշտաբները շատ ավելի մեծ են, քանի որ երկրներից շատերում բավարար քանակի թեստավորում չի արվում, կամ վիճակագրական տվյալները պակաս են ներկայացվում։

Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, առողջացել է 2581 պացիենտ։