21 մայիսի 2020 - 15:35 AMT
Անտոկոս վարկեր՝ սպանդանոցներին

Գյուղացիական տնտեսություններին կառավարության կողմից տրամադրվող անտոկոս վարկերից կկարողանան օգտվել նաև սպանդանոցները, հայտնել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա նշել է, որ աջակցության չափը կապված կլինի սպանդանոցի հզորությունից:

«Մենք ունենք մի քանի տիպային կառույցի նախագիծ, որոնց համադրումից պարզ է դառնում, որ մեկ խոշոր եղջրավոր կենդանու սպանդ կազմակերպելու համար անհրաժեշտ և բավարար է մոտ 15 քմ: Մենք առաջարկել ենք վարկային սահմանաչափը կապել այդ մեծության հետ, և յուրաքանչյուր 15 քմ-ի հաշվարկով սահմանել 2 մլն դրամ: Այս գումարը բավարար է 7 oր ամբողջ հզորությամբ աշխատելու համար»,- ասել է նախարարը:

Խաչատրյանի խոսքով՝ գումարը նախատեսվում է անասունի գնման պահին գյուղացուն դրա ամբողջ արժեքը տեղում վճարելու համար, որպեսզի գյուղացին ստիպված չլինի սպասել մինչև իր կենդանու միսը կհասնի շուկա, կվաճառվի և միայն դրանից հետո իրեն կվճարեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 88 սպանդանոց է կառուցվում, որոնք կբավարարեն ՀՀ-ի պահանջներն ամբողջությամբ։

Ըստ նախարարի՝ սպանդանոցների կառուցման աշխատանքները փոքր-ինչ դանդաղել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Ավելի վաղ որոշվել էր, որ ՀՀ-ում սպանդանոցային մորթը պարտադիր կլինի հուլիսի 1-ից։ Հայաստանում գործում է 44 սպանդանոց, որոնցից գյուղացիական տնտեսություններին ու անհատներին ծառայություններ են մատուցում 19-ը, քանի որ մյուսները խոշոր անասնապահական ֆերմաներին կից սպանդանոցներն են, որոնք աշխատում են միայն իրենց կարիքների համար: