22 մայիսի 2020 - 10:44 AMT
12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները կարող են դադարեցվել

Սահմանադրական դատարանի արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները կարող են դադարեցվել, իսկ մնացածը՝ սահմանափակվել նույն ժամկետով։ Այս և նմանատիպ այլ հարցերով արդարադատության նախարարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողովին, գրում է «Հայկական ժամանակը»՝ արդարադատության նախարարությանը հղումով` նշելով, որ այս ամենի իրագործումից հետո ընտրված դատավորներն իրենց կազմից կընտրեն դատարանի նոր նախագահ՝ 6 տարի ժամկետով։

Արդարադատության նախարարության կողմից Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերի նպատակն է հստակեցնել ՍԴ ճգնաժամի ամենաարագ իրավական լուծման տարբերակը՝ անդրադառնալով նաև հանրաքվե չանցկացնելու հնարավորությանը:

«Հարցեր են ուղղվել նաև ՍԴ կողմից Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ տրվող եզրակացության շրջանակը հստակեցնելու վերաբերյալ, այն է՝ թե արդյո՞ք մեր դեպքում առկա անորոշությունը համապատասխանում է եվրոպական լավագույն ստանդարտին»,- ասվում է ԱՆ պատասխանի մեջ։

Նախարարությունից նշել են, որ Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերից մեկն էլ վերաբերում է նախապես նշանակված ու համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությանը։

Վենետիկի հանձնաժողովից պատասխանն ակնկալվում է հունիսին նախատեսված հեռավար լիագումարում:

2015-ի Սահմանադրությամբ ընտրված դատավորների ու մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջև էական տարբերություն կա: Նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախագահն ու փոխնախագահը՝ 6: Եթե ոչինչ չփոխվի, ՍԴ կազմում ներկայումս գործող 1995թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 2 անդամ) նշանակված անդամները պաշտոնավարելու են մինչեւ 70 տարեկանը լրանալը, իսկ 2005թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 5 անդամ) նշանակվածները մինչև 65 տարեկանը լրանալը:

ՀՀ-ում ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրական հանարքվեն չեղարկվել էր կորոնավիրուսի պատճառով երկրում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության և երկրում վարակի տարածումը կանխելու պատճառով։