22 մայիսի 2020 - 14:23 AMT
ՀՀ 168 քաղաքացի Թուրքիայից Հայաստան է տեղափոխվել

ՀՀ 168 քաղաքացի Թուրքիայից տեղափոխվել է Հայաստան, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում մայիսի 22-ին հնարավոր է դարձել նրանց տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և տեղափոխումը 4 ավտոբուսով:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Դեսպանությունը նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները։

Ապրիլին Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած 70 քաղաքացի, ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ, Վրաստանի տարածքով տեղափոխվել է ՀՀ։ Քաղաքացիները Հայաստան ժամանելուն պես ենթարկվել են 14-օրյա պարտադիր կարանտինի: