Հայաստանի բջջային կապի օպերատորները համացանցում 5G կապի դեմ արշավի ֆոնին հայտարարություն են տարածել երկրում տվյալ տեսակի կապի բացակայության ու սպառնալիքների և սադրանքների դեպքում իրավապահներին դիմելու մասին։
«Դավադրապաշտական, հակագիտական, իրականությանը չհամապատասխանող նյութերի» ակտիվ շրջանառությանն արձագանքող հայտարարությունում նշվում է, որ երկրում կան բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցեր, որոնցից յուրաքանչյուրի համար ՀԾԿՀ կողմից հատկացվել են հաճախականությունների համապատասխան շերտեր։ Վերազինման և ընդլայնման աշխատանքներն իրականացվում են բացառապես առկա ցանցերում»,- ասվում է դրանում:
Ընկերությունները հայտնել են, որ սպառնալիք ու սադրանք պարունակող հայտարարությունների հետագա տարածման դեպքում ստիպված կլինեն դիմել իրավապահ մարմիններին:
«Հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող, չճշտված, գիտականորեն չհիմնավորված, քաղաքացիների շրջանում անհարկի տագնապ առաջացնող տեղեկատվության, ինչպես նաև՝ օպերատոր-ընկերությունների գույքին սպառնալիք ներկայացնող սադրիչ հայտարարությունների տարածումից»,-ասվում է հայտարարույթան մեջ։
Հայաստանում վերջին շրջանում սոցիալական հարթակներում ակտիվորեն քննարկվում է 5G կապի մասին չճշտված և չապացուցված տեղեկություններ, որոնք մասնավորապես վերաբերում են կորոնավիրուսի տարածման ուղիներին, բնակչության առողջությանը։