27 մայիսի 2020 - 10:43 AMT
Ջուլֆալակյան․ Թամրազյանը ձախողել է աշխատանքը սպորտի ոլորտում

ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը կարծում է, որ ԿԳՄՍՆ-ում սպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Գրիշա Թամրազյանը ձախողել է իր աշխատանքը, գրում է «Հայկական ժամանակը»։

Մայիսի 25-ին, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանդիպում է տեղի ունեցել Թամրազյանի հետ հանդիպմանը սպորտի մասին խոսակցություն ևս եղել է: Թամրազյանն ասել է, որ մարզաշխարհում կորոնավիրուսով պայմանավորված խնդիրները գրեթե ամբողջությամբ լուծված են: Ջուլֆալակյանն արձագանքել է՝ ասելով, որ ընդամենը օրեր առաջ, մի շարք մարզադպրոցների տնօրեններ այլ կարծիք են հայտնել:

Ջուլֆալակյանը նշել է, որ Թամրազյանը մոտ 1 տարի է ոչ մի մամուլի ասուլիս չի տվել փոխնախարարի կարգավիճակում։ Անհատների հետ աշխատանքը մարզիկը ևս բացասական է համարում, քանի որ կան խնդիրներ, որոնք համակարգային լուծումներ են պահանջում։

Ջուլֆալակյանը հուսով է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին կկարողանա ներակայացնել սպորտի խնդիրները:

«Այս պահին առնվազն 15 շատ կարևոր կետ եմ առանձնացրել, որոնք ուզում եմ ուղղել հենց պարոն նախարարին, որպեսզի նախարարի մոտ հստակ լինի, թե ինչ կետերով է փոխնախարարը ձախողել իր աշխատանքը»,- ասել է Ջուլֆալակյանը:

Ջուլֆալակյանը նշել է, որ բարձրաձայնված խնդիրներն արդեն ուղարկել է պարետատուն, ԿԳՄՍՆ, Երևանի քաղաքապետարան և պատրաստ է մասնագետների հետ աշխատել լուծման տարբերակների վրա:

Պատգամավորը նաև նշել է, որ Թամրազյանի հրաժարականի մասին նիստի ընթացքում չի խոսվել: Չի քննարկվել նաև, թե դեռ որքան ժամանակ է նա մնալու սպորտի գծով փոխնախարարի պաշտոնակատար:

Գրիշա Թամրազյանը ԿԳՄՍՆ-ում սպորտի ոլորտ համակարգող փոխնախարարի պարտականությունները ստանձնել է նախորդ փոխնախարարի՝ Գևորգ Լոռեցյանի կալանավորումից ու հեռացումից հետո: