27 մայիսի 2020 - 10:46 AMT
Արցախի ՄԻՊ-ը հուսով է՝ ՄԻԵԴ որոշումը կկանխարգելի Ադրբեջանում հայատյացության տարածումը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ողջունել է Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշումը և հույս հայտնել, որ այն կանխարգելիչ կլինի Ադրբեջանում հայատյացության տարածման ու դրա հիման վրա նորանոր հանցագործությունների իրականացման ուղղությամբ։

Հայտարարության մեջ ասվում է, որ 2004-ից հետո հայատյացությունը Ադրբեջանում առավել կազմակերպված բնույթ է կրում։

«Հայատյացության քաղաքականությունն առավել ծանր հետևանքներ ունեցավ 2016թ.ապրիլին Ադրբեջանի սանձաձերզած պատերազմի ընթացքում՝ հայ զինծառայողների և քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված պատերազմական հանցագործությունների տեսքով, որոնց վերաբերյալ ՄԻՊ-ը 2016թ. դեկտեմբերին հրապարակել է հատուկ զեկույց: Իսկ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մշտադիտարկման արդյունքները ամփոփվել են 2018թ. սեպտեմբերին հրապարակված «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցում:

ՄԻԵԴ տվյալ որոշման և հայատյացության շարունակվող քաղաքականության համատեքստում առավել մտահոգիչ են դառնում Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտման դեպքերը, որոնք առ այսօր շարունակվում են Արսեն Բաղդասարյանի, Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի հանդեպ»,-ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հյուրանոցում քնած վիճակում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների, ինչպես նաև մահափորձի ենթարկված սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչների կողմից՝ Ադրբեջանի և Հունգարիայի դեմ՝ 2013 թվականին ՄԻԵԴ ներկայացված անհատական գանգատներով կայացված որոշումը:

Որոշմամբ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի կողմից նրա ներումը, ըստ էության` արդարացումը և հերոսացումը ճանաչվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (Կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքների խախտում: