27 մայիսի 2020 - 11:18 AMT
ՀՀ ԱԳՆ․ ՄԻԵԴ որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է

2004-ին Բուդապեշտում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է: Այդ մասին Ասվում է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվել է «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը:

Նշվում է, որ այն ոչ միայն ճանաչում է, այլև անընդունելի է որակում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայերի հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների խրախուսումը:

Դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները:

ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է նաև, որ դատավճիռը մատնանշել է՝ այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով:

Դատավճիռը սահմանում է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:

ՀՀ-ն դիտարկում է ՄԻԵԴ այս վճիռը` որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում և դադարեցնելու հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: ՀՀ-ն այս ուղղությամբ հետևողական է լինելու համապատասխան միջազգային ատյաններում:

2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին Ադրբեջանի կողմից մասնակցող սպա Ռամիլ Սաֆարովը քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հարձակում գործել հայ սպա Հայկ Մակուչյանի վրա: Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջան փոխանցվելուց հետո, որտեղ հանցագործը պետք է կրեր պատժի հետագա ժամկետը, արժանացել է ներման և հերոսացվել: Այս առումով, դատավճռում, մասնավորապես, արձանագրվել է՝ «Դատարանն առանձնապես ցնցված է այն փաստով, որ ի լրումն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակմանը՝ Ռամիլ Սաֆարովին շնորհվել են մի շարք արտոնություններ, ինչպիսիք են՝ բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում, Բաքվում բնակարանի տրամադրում և ռազմական կոչման բարձրացում, որն իրականացվեց հրապարակային արարողությամբ»: