27 մայիսի 2020 - 11:37 AMT
Իսակովի վրա $3 մլն-ով գիշերային ակումբ են ուզում կառուցել

Երևանի Իսակովի պողոտայում գիշերային ակումբ կառուցելու համար մի բիզնեսմեն ցանկանում է $3 մլն ներդրում անել, սակայն նրան երաշխիքներ են պետք՝ շինարարությունը սկսելու և հետագայում խնդիրների առաջ չկանգնելու համար, մայիսի 26-ին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը։

Ավագանու անդամը նշել է, որ բիզնեսմենը մտավախություն ունի, քանի որ ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ հետագայում այդ տարածքում այլ շենքեր կառուցելու դեպքում իր գործունեությունը չի կասեցվի։ Մանրիկյանը հարցրել է՝ չկան արդյոք կարգավորումներ, որոնք կարող են բիզնեսին նման երաշխիքներ տալ։

2019-ին Երևանի ավագանու որոշմամբ սահմանվել էր, որ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները պետք է տեղակայվեն քաղաքի բազմաթիվ վայրերից (օր․՝ բազմաբնակարան շենքեր) 100 մետր հեռավորության վրա։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2021-ից։

Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը նշել է, որ մի շարք օբյեկտների շինթույլտվությունների դեպքում քաղաքապետարանը միայն 100 մետր հեռավորության չափն է ավելացրել, իսկ օրենքն ընդունել է ԱԺ-ն։

Քաղաքապետի խորհրդական Հովիկ Սաֆարյանը հայտնել է, որ իրենք՝ հետագայում այդ օբյեկտների կողքին շինթույլտվություն տալիս հաշվի են առնում, թե տարածքում ինչ այլ շինություններ կան։