27 մայիսի 2020 - 13:50 AMT
Ղալթաղչիի Սբ Հովհաննեսի ու վերջին զանգի կուտակումների հարցը՝ կառավարությունում

Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ ինչպես ուխտագնացություններից, այնպես էլ արշավներից, խնջույքներից, հայտարարել է ոստիկանապետ Արման Սարգսյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է` նախորդ շաբաթ հատկապես մեծ կուտակումներ են գրանցվել Սպիտակի Սբ. Հովհաննես մատուռի մոտ (առավել հաճախ է հանդիպում Ղալթաղչիի Սբ Հովհաննես անվանումը - խմբ․):

«Հսկայական կուտակումներ են եղել, և սոցիալական ցանցերում, մամուլում այդ նկարները կան: Ես կխնդրեի, որպեսզի ոստիկանությունը նաև այստեղ հսկողություն իրեկանացնի և առնվազն թույլ չտանք նման կուտակումներ, որոհետև դրանք դառնում են համավարակի տարածման մեծ աղբյուրներ»,- ասել է նախարարը: Արձագանքելով նախարարի դիտարկմանը՝ ոստիկանապետը նշել է, որ իրենք անդրադարձել են նաև սոցցանցերում արշավների մասին event-ներին։

Հարությունյանը նշել է, որ ՀՀ-ում մայիսի 28-31-ը վարակի տարածման առումով վտանգավոր օրեր կարող են լինել, քանի որ հանգստյան են, իսկ իրենք տեղեկություն ունեն, որ որոշ խմբեր «Վերջին զանգի» հետ կապված լոկալ միջոցառումներ են նախապատրաստում։

Նախարարը նշել է, որ ծնողներին ու դպրոցներին զգուշացվել է նման միջոցառումներ չանցկացնելու մասին, իսկ աշակերտներին խոստացվել, որ համավարակի հաղթահարումից հետո մեկ օր կնշանակվի Վերջին զանգի միջոցառումների համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համավարակի շրջանում նման միջոցառումների անցկացումը պետք է որոշակի հետևանքներ ունենա դպրոցի տնօրենների և համայքնի ղեկավարների համար։

Մայիսի 27–ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 7774-ի, առողջացել են վարակվածներից 3255–ը, արձանագրվել է մահվան 98 դեպք։ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումից հետո դպրոցներն ու մյուս ուսհաստատություններն անցել են հեռավար ուսուցման։ Ուստարվա ավարտից հետո համավարակով պայմանավորված փոխվել էր նաև ընդունելության քննությունների կարգը․ դիմորդները 2020-ին մեկ քննություն կհանձնեն։