27 մայիսի 2020 - 14:24 AMT
Նալբանդյանը Ապրիլյանի նիստին կմասնակցի մայիսի 29-ին` տեսակապով

Մայիսի 29-ին Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստի բանախոսը կլինի ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ մասին ասել է հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, գրում է «Հայկական ժամանակը»։

Մայիսի 29-ի նիստը, սակայն, կտարբերվի նախորդ բոլոր նիստերից. այն կանցկացվի տեսակապով: 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Նալբանդյանը պաշտոնից ազատվելուց հետո բնակվում է Ռուսաստանում: Նա հանձնաժողովին տեղեկացրել է, որ չի կարող Հայաստան գալ:

Հանձնաժողովն առաջարկել է տեսակապի միջոցով պատասխանել 2016-ի Ապրիլյան պատերազմին վերաբերող իրենց հարցերին, ինչին Նալբանդյանը համաձայնել է:

«Ազգային անվտանգության ծառայությունը օգնեց մեզ, տեսակապի անվտանգության հարցը լուծել ենք, տեսակապով անելու ենք նիստը»,- ասել է հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին ավելի վաղ մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և այլ նախկին պաշտոնյաներ։