27 մայիսի 2020 - 16:21 AMT
10-20 մլն դրամի վարկ ու դրամաշնորհ՝ 0-ից բիզնեսին ու նոր նախաձեռնություններին

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառմամբ՝ Կառավարությունը կօժանդակի ձեռնարկատիրական նախաձեռնություններին և դրանց զարգացմանը, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ օժանդակությունը կտրամադրվի ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողների։

«Օժանդակության նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը, իսկ 0-ից բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուներին՝ ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը»,- ասել է Խաչատրյանը:

Ծրագրով նախատեսվում է, որ Կառավարության կողմից տրամադրվող արտոնյալ վարկի 75%-ը տնտեսվարողներին կհատկացվի 8 տարվա մարման ժամկետով, անտոկոս, 25%-ը՝ որպես դրամաշնորհ։

Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար. մեկ շահառուի վարկի առավելագույն չափը սահմանվում է 10 մլն դրամ՝ սկսնակների համար, իսկ նորարարական զարգացման շահառուների համար՝ 20 մլն դրամ:

Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 7-10%՝ կախված ժամանակահատվածից, երբ կկայացվեն որոշումները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով ծրագիրը, հայտնել է, որ պետությունը բիզնես-գաղափար ունեցողներին առաջարկում է մասնակցել դասընթացի, իսկ հաջող ավարտելու պարագայում կաջակցի մինչև 10 մլն դրամ վարկ և դրամաշնորհ ստանալու համար։

Նախատեսվում է, որ ծրագիրը մոտ 1000 շահառու կունենա։ Մոտավոր գնահատականով՝ 2020-ին ծրագրի համար տրվող գումարը կկազմի 750 մլն դրամ, հաջորդ տարիների համար՝ 1․5 մլրդ դրամ, ծրագիրը նախատեսվում է իրականացնել 4 տարի։

Միջոցառման շահառու կարող են դառնալ ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեություն ծավալողների, խաղային բիզնեսի ու ֆինանսական կազմակերպությունների դեպքում: Շահառուները պետք է նախորդ մեկ տարվա ընթացքում ունեցած լինեն բարվոք հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացրած լինեն ՀՀ մարզերում և չհանդիսանան «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու:

Աջակցությունն առավելապես ուղղված կլինի Երևանից դուրս սկսնակ բիզնեսներին։

Մայիսի 27–ի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 7774-ի, առողջացել են վարակվածներից 3255–ը, արձանագրվել է մահվան 98 դեպք։ Կորոնավիրուսի տնտեսական ու սոցիալական հետևանքների չեզոքացման համար Կառավարությունը մինչ այս 18 ծրագիր էր մշակել՝ ուղղված բիզնեսին, սոցաջակցության կարիք ունեցողներին, ուսանողներին։