28 մայիսի 2020 - 16:55 AMT
Իրանը պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին

Իրանի իշխանությունները կարծում են, որ աշնանը կորոնավիրուսի տարածման նոր ալիք կլինի։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում։

«Կորոնավիրուսին հակազդեցության շտաբը պարտավորեցրել է կառավարությանը պատրաստվել աշնանը սպասվող հիվանդության նոր ալիքին։ Մենք գործարկել ենք հնարավոր երկրորդ ալիքին պատրաստվելու բոլոր հնարավորութունները»,-ասել է Ռոուհանին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև նշել է, որ իշխանությունները մոտ են կորոնավիրուսի տարածումը երկրում զսպելուն։

Մայիսի 5-ին Ռոուհանին հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակը կայունանում է, պիկը հաղթահարվել է, սակայն մինչ պանդեմիայի ավարտը դեռ շատ կա։ Իրանի իշխանությունները կորոնավիրուսի տարածման մասին հայտարարել են փետրվարի 19-ին։ Այդ օրվանից ի վեր հաստատվել է վարակի 141,000 դեպք, որից 7,500-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 111,000 մարդ։