28 մայիսի 2020 - 15:51 AMT
Ամերիկաբնակ Բրյուս Պողոսյանը ՊՆ նախարարին 1920թ․ փաստաթուղթ է փոխանցել

ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱՄՆ-ում բնակվող Բրյուս Պողոսյանի` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցած փաստաթղթի լուսանկարը:

Բրյուս Պողոսյանն այն գտել է իր պապի՝ Խաչատուր Պողոսյանի անձնական արխիվում։

«Հարյուր տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարարությանը կատարած 75 ԱՄՆ դոլարի նվիրատվության ստացականն է, որը հայկական բանակին աջակցելու, սատարելու պատմական վառ օրինակ է»,-ասվում է գրառման մեջ։

ՊՆ խոսնակը խնդրել է այն անձանց, որոնք ունեն Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարարությանը կատարած նվիրատվության նմանօրինակ փաստաթուղթ, հրապարակել այն մեկնաբանությունների դաշտում։

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը` 102-ամյակը։ Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում։ Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում