29 մայիսի 2020 - 12:37 AMT
Հարությունյանը՝ Ալիևին. Ուժի լեզվով երբևէ չփորձեք խոսել, մենք պատրաստ ենք

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան եթերում դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ասել է․ «Մեզ հետ ուժի լեզվով երբևէ չփորձեք խոսել»։

Հարությունյանն արձագանքել է Ալիևի վերջին հայտարարություններին, թե «աշխարհում ուժի գործոնն է առաջնային պլան մղվում», իսկ բանակցությունների սեղանին ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակն է։

«Իլհամ Ալիևի հերթական հայտարարությունները քաղաքական գործչին վայել հայտարարություններ չէին․․․ Մանավանդ այս հայտարարությունը. «աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»: Այսինքն՝ ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել: Պարո՛ն Ալիև, մենք պատրաստ ենք, ուզում եմ վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են: Այն, ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով երբևէ չփորձե՛ք խոսել»,- ասել է Արցախի նախագահը:

Հարությունյանն անդրադարձել է նաև Ալիևի հայտարարությունը, թե ԼՂ հակամարտության լուծման միայն մեկ՝ փուլային տարբերակ կա, որը «ենթադրում է առաջին հերթին որոշ հողերի ազատում»։

«Փուլային լուծում կարող է լինել՝ այդ դեպքում առաջին հերթին ճանաչվում է Արցախի ինքնորոշման իրավունքը, անվտանգության երաշխքիներ են ընդունվում, որից հետո բանակցություններ են սկսվում։ Այլ տարբերակ չի լինելու»,- ասել է նա։

Իլհամ Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի։ «Եվ մենք դա կանենք։ Թող ոչ ոք չկասկածի։ Ուղղակի հարցը լուծելու համար մենք պետք է ավելի ուժեղ լինենք, ճիշտ գնահատենք ժամանակն ու աշխարհաքաղաքական իրավիճակը․․․Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ, և բացականչական նշան»,-ասել է Ալիևը։