29 մայիսի 2020 - 15:52 AMT
Կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ու անվտանգության նկատառումներից ելնելով, Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը փակ կլինի։

«Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրն այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը։

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է Կենդանաբանական այգու հաղորդագրության մեջ։

Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8676-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 460-ով: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 120 է, այլ պատճառով՝ 45։

Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 316-ի վիճակը ծանր է, 53-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 17 պացիենտ: