29 մայիսի 2020 - 17:04 AMT
ԶԼՄ․ ՌԴ-ում կարող են հատուկ հավելված ստեղծել ներգաղթյալների համար

ՌԴ-ում փորձագետներն առաջարկել են ՆԳՆ-ին հատուկ հավելված ստեղծել ներգաղթյալների թվայնացված պրոֆիլով, որը նրանք պարտավոր կլինեն ներբեռնել սմարթֆոններում, գրում է ՌԻԱ Նովոստին` իրավապահ մարմիններում աղբյուրին հղումով։

Ըստ գործակալության զրուցակցի` նախարարությունում միգրացիոն ոլորոտում զարգացումների կանխատեսում է մշակվել՝ հաշվի առնելով պանդեմիայով պայմանավորված ֆորս-մաժորային գործոնները։

Մասնագետներն առաջարկում են կարճաժամկետ (մինչև 2020-ի ավարտը) և միջնաժամկետ (առաջիկա 2-3 տարին) հատվածների համար զարգացման լավատեսական և հոռետեսական տարբերակներ մշակել։

«Կա առաջարկ, դեռևս փորձնական, միգրանտի թվային պրոֆիլ ստեղծել, որտեղ կարտացոլվի այսպես կոչված «միգրանտի սոցիալական վստահության վարկանիշը»։ Այնտեղ կարտացոլվի ամբողջ տեղեկատվությունը միգրանտի սոցիալ-իրավական կարգավիճակի մասին, նրա կենսաչափական տվյալները, նաև տվյալներ առողջության, քրեական անցյալի կամ դրա բացակայության վերաբերյալ»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Կարող է նաև «Միգրանտ» հատուկ հավելվածը ստեղծվել, որը ներգաղթյալները պետք է ներբեռնեն բջջայիններում։

«Իսկ սահմանները բացվելուց հետո ՌԴ-ն առաջարկում է պարտադիր դարձնել հալվելվածին միանալը բոլոր ներգաղթյալների համար։ Դրանից հրաժարվելը ինքնաբերաբար կնվազեցնի միգրանտի սոցիալական վստահության վարկանիշը»,-պարզաբանել է աղբյուրը։

Քննարկվում է նաև անօրինական և կիսաօրինական կարգավիճակ ունեցողների համար իրավական համաներում կիրառելու հնարավորությունը, եթե ներգաղթյալները հանցագործություններ չեն կատարել։ Ըստ վերլուծաբանների` դա թույլ կտա զանգվածային պետական գրանցում իրականացնել։

Կորոնավիրուսի պանդեմիայիով պայմանավորված` ՀՀ-ից արտագնա աշխատանքի մեկնած բազմաթիվ անձինք զանգվածաբար վերադառնում են Հայաստան։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու ՀՀ ԱԳՆ-ն պարբերաբար այդ նպատակով հատուկ չվերթներ են կազմակերպում։

Photo. RIA Novosti