30 մայիսի 2020 - 11:02 AMT
Ավստրիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Մայիսի 29-ին Ավստրիայի խորհրդարանի Ազգային խորհուրդը 34-րդ լիագումար նիստի ընթացքում միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Վավերացմանը նախորդած քննարկումների ընթացքում Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերը (ԱԺԿ) իր ելույթում բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունները՝ նշելով, որ ՀՀ-ն և Ավստրիան կիսում են քրիստոնեական նույն արժեհամակարգը, և Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել երկկողմ բարեկամական հարաբերություններ, տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Համաձայնագրի վավերացմանն աջակցության ելույթով հանդես են եկել նաև Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահ Պամելա Ռենդի-Վագները (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն), ինչպես նաև Ավստրիայի ազատական կուսակցության, Կանաչներ, Նոր Ավստրիա խմբակցությունների անդամներ:

Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։